Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնեց միջազգային կարգի մրցավարական վկայականը։ Հռիփսիմե Խուրշուդյանը ստացել է միջազգային կարգի մրցավարի կոչում՝ շնորհված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Բացի այդ, ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։
Գլխավոր / Նորություններ / Հռիփսիմե Խուրշուդյանը ստացել է միջազգային կարգի մրցավարի կոչում

