2026 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Բաթումիում (Վրաստան, ապրիլի 19–26) ավարտվեց հայ մարզիկների հաղթական ելույթով։ Հայաստանի հավաքականը նվաճեց 9 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալներ՝ զբաղեցնելով առաջին տեղը հանրագումարային մեդալային հաշվարկում։
Տղամարդկանց հավաքականը 567 վարկանիշային միավորով ստացավ թիմային ոսկին, կանանց հավաքականը՝ 424 միավորով՝ բրոնզը։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները գումարային վարժությունում նվաճեցին Վարազդատ Լալայանը (+110 կգ, 451 կգ՝ 210+241), Գարիկ Կարապետյանը (110 կգ, 415 կգ՝ 189+226) և Էմմա Պողոսյանը (86 կգ, 248 կգ՝ 107+141, Եվրոպայի պատանեկան ռեկորդ)։
Արծաթ՝ Գառնիկ Չոլակյանը (60 կգ, 274 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ, 330 կգ՝ ոսկի պոկման), Արա Աղանյանը (94 կգ, 382 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ, 210 կգ)։ Բրոնզ՝ Մարտին Պողոսյանը (79 կգ, 338 կգ՝ արծաթ հրման)։ Աննա Ամրոյանը 77 կգ քաշային կարգում նվաճեց փոքր ոսկին հրման մեջ՝ 136 կգ։ Լիանա Գյուրջյանը 86 կգ կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը 236 կգ արդյունքով՝ արծաթով հրման մեջ։
Թիմին ներկայացրին նաև Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ, 6-րդ տեղ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ, 7-րդ), Տանզելա Գրիգորյանը ու Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալինա Սուքիասյանը (77 կգ) և Տաթևիկ Հակոբյանը (+86 կգ)՝ ով այս մրցաշարով ավարտեց իր մարզական կարիերան։
Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ամփոփելով առաջնության արդյունքները, նշեց, որ թիմն ունի երեք Եվրոպայի չեմպիոն և դրական դինամիկա, իսկ մարզչական խումբն արդեն սկսել է Նինբոյում (Չինաստան) կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստումը։